Նորություն չէ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը միշտ էլ անհանգստացած է եղել իշխանության առողջական վիճակով, դա հատկապես նկատելի էր վերջին տարիներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ որոշ քաղաքական ուժերի մոտ առողջական խնդիրներ կառաջանան այս հանդիպումից հետո եւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությանը, որ խորհրդարանական ուժերի համագործակցության արդյունքում իշխանության մոտ միկրոինֆարկտ կլինի:
«Հաճելիորեն զարմացած եմ, որ Լեւոն Զուրաբյանը եւս անհանգստանում է իշխանության առողջության համար: Ցանկանում եմ նրանց հանգստացնել, քանի որ իշխանությունը եւ դրա ներկայացուցիչներն առանձին առանձին, լավ են զգում իրենց»,-հեգնանքով նշել է Աշոտյանը: Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, որ իշխանությունը փորձում է խանգարել քաղաքական ուժերի կոնսոլիդացիային, ապա ըստ նրա՝ ինքը կողմ է այդ կոնսոլիդացիային, քանի որ դրա արդյունքում կարող է բարձրանալ քաղաքական գործունեության որակը ու քաղաքական մրցունակությունը:



























