Չի կարելի արցախյան ազատամարտի վետերանին բանտ նստեցնել Սերժ Սարգսյանի կամ Սեյրան Օհանյանի վարած քաղաքականությանը համաձայն չլինելու համար: Այս մասին, այսօր՝ մարտի 12-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ պահանջելով արդարություն ցուցաբերել ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ:

Փաշինյանի խոսքով՝ Ավետիսյանի գործը քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդում է: Բացի այդ, նրան մերժել են ազատ արձակել 2013-ի աշնանը տեղի ունեցած համաներմամբ, թեեւ նա լրիվ ընկնում էր համաներման տակ, նույնիսկ եթե հիմնավոր համարվեին նրան մեղսագրվող մեքենայության մեղադրանքները:

2011-ի կեսերին Ավետիսյանը բողոքի ակցիաներ նախաձեռնեց Ազատության հրապարակում, հետո նաեւ Կառավարության շենքի դիմաց: Նա եւ մի խումբ ազատամարտիկներ հանդիպեցին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Այդ հանդիպման արդյունքները Ավետիսյանին չբավարարեցին եւ ակցիաները շարունակվեցին:

Դրանից հետո հանդիպում տեղի ունեցավ նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: «Օհանյանը փոխանցել էր Սերժ Սարգսյանի ուղերձը՝ կոչ անելով դադարեցնել բողոքի ակցիաները: Ավետիսյանը չէր համաձայնել դրան, որից հետո էլ քրեական գործ էր հարուցվել»,-ընդգծել է Փաշինյանը: Նա հույս է հայտնել, որ իշխանությունը կդադարի իրավապահ մարմիններն օգտագործել իրեն ոչ հաճելի անձանց դեմ բռնությունների համար:

Իր պատասխան խոսքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում, իսկ մեղադրանքը միայն քրեական է: «Մեզ համար, իհարկե, ցավալի է, որ մեր մարտական ընկերը իրավախախտում է թույլ տվել, բայց որեւէ ենթատեքստ չկա նրա մեղադրանքում»,-ասել է նախարարը:

Իր հերթին Փաշինյանը հայտարարել է, որ Քրեական օրենսգրքում չկա որեւէ հոդված, որը թույլ կտար պատժել մարդուն այն բանի համար, որ նա չի կատարել Սերժ Սարգսյանի կամ Սեյրան Օհանյանի ասածները: «Բանակը ոչ միայն սպառազինությունն է, այլեւ վերաբերմունքը սպաների նկատմամբ: Իսկ ինչպիսի՞ն է այն»,-հարց է հնչեցրել Փաշինյանը, որին Օհանյանն արձագանքել է, որ իրեն, երեւի, պետք չէ ապացուցել, թե ինչ է նշանակում բանակի մարտունակությունը. «Ես ինքս կարող եմ ձեզ այդ մասին ասել եւ խոսել ժամերով, բայց այստեղ դրա տեղը չէ»: