Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ մարտի 12-ին, զորամասեր կատարած հերթական շրջայցի ժամանակ անակնկալ ուսումնական տագնապ է հայտարարել եւ անձամբ հետեւել անձնակազմի գործողություններին:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է զորամասերի անձնակազմի հետ, ծանոթացել զորամասերի բարոյահոգեբանական մթնոլորտին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին եւ առօրյային։ Սեյրան Օհանյանը տեղում ծանոթացել է նաեւ զորամասերում իրականացվող կապիտալ շինարարական աշխատանքներին։
Զինված ուժերի զորամասերից մեկում, անձնակազմի մարտական պատրաստականության աստիճանը տեղում ստուգելու նպատակով, Սեյրան Օհանյանն անակնկալ ուսումնական տագնապ է հայտարարել եւ անձամբ հետեւել անձնակազմի գործողություններին։ Զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր վիճակի։ Սահմանված կարգի համաձայն` զինծառայողները ստացել են ամրակցված զենքերը, դուրս են բերել ավտոմոբիլային եւ մարտական տեխնիկան, առաջադրված տեղանքում բացազատվել են մարտական միավորները։
ՀՀ ԶՈւ ավիացիոն զորամասերից մեկում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հետեւել է իրականացվող լայնածավալ կապիտալ շինարարական աշխատանքներին, ստուգել է զորամասում առկա ավիացիոն սարքավորումների, սպառազինության ու ռազմական տեխնիկայի վիճակը, ծանոթացել է ավիացիոն նոր վարժասարքի հնարավորություններին:
Առաջադրված խնդիրներն առավել արդյունավետ իրականացնելու համար ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մի շարք ցուցումներ եւ հանձնարարականներ է տվել շրջայցի ծրագրում ընդգրկված զորամասերի հրամանատարական կազմին:





































