Մինչեւ Հայաստանի Սահմանադրական դատարանի վերջնական որոշումը, կուտակային կենսաթոշակային համակարգի հարցով գործատուների նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվի: Այս մասին, այսօր՝ մարտի 12-ին, ԱԺ-ում հայտարարել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին:

«Հունվարի 24-ին ՍԴ-ն որոշում կայացրեց, որը ես չեմ պատրաստվում մեկնաբանել: Հիշեցնեմ միայն, որ մինչեւ մարտի 28-ի ՍԴ-ի վերջնական որոշումը գործատուները պատասխանատվության չեն կանչվի կուտակային վճարները չկատարելու համար: Ժամանակավորապես չեղյալ են համարվել նաեւ պատժամիջոցները քաղաքացիների նկատմամբ, որոնք մինչեւ այս տարվա հունվարի 1-ը չեն ընտրել կենսաթոշակային հիմնադրամ: Այսպես, թե այնպես, ՍԴ որոշումը նպաստում է, որ քաղաքացիները իրենք կատարեն իրենց ընտրությունը»,-հայտարարել է նախարարը:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, որի համաձայն 1974 թվականից հետո ծնված աշխատողների աշխատավարձից կպահվի 5 տոկոսի չափով կենսաթոշակային կուտակային վճար, որոնք կտնօրինեն մասնավոր հիմնադրամները: Նույնքան չափով գումար կտրամադրի նաեւ պետությունը:

Օրենքի դեմ հանդես են եկել IT ոլորտի, բանկերի եւ այլ ոլորտների աշխատակիցները: Հունվարի 24-ին ՍԴ-ն որոշեց ժամանակավորապես դադարեցնել օրենքի որոշ դրույթներ: