ԵԱՀԿ տեսուչները Ղրիմի Ինքնավար Հանրապետություն մուտքի անցակետերում ռուս զինվորականների առկայության բավարար ապացույցներ են գտել: Այս մասին բրիֆինգում հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական դեպարտամենտի ղեկավար Եվգենի Պերեբիյնիսը, հաղորդում է ЛІГАБізнесІнформ-ը:
Նա հիշեցրել է, որ Ուկրաինայում է գտնվում ԵԱՀԿ-ի ռազմական առաքելությունը, որի ներկայացուցիչները մի քանի անգամ անհաջող փորձել են մուտք գործել Ղրիմի տարածք: «Ներկայումս որոշում է կայացվել, որ առաքելությունը աշխատանքներ կիրականացնի Ուկրաինայի արեւելյան եւ հարավային շրջաններում: Այս պահին այն գտնվում է Դոնեցկում»,-նշել է Պերեբիյնիսը:
Նրա խոսքով՝ մարտի 12-ին ԵԱՀԿ անդամ երկրների շրջանում տարածվել է կազմակերպության Ուկրաինա այցելած առաքելության նախնական հաշվետվությունը: «Թեեւ այս տեսչական խմբին թույլ չեն տվել մուտք գործել Ղրիմի տարածք, սակայն խումբն իր եզրակացություններում ուշադրություն է դարձնում այն փաստին, որ Ղրիմի Ինքնավար Հանրապետություն մուտքի անցակետերում ռուսական զինվորական անձնակազմի առկայության մասին բավական ապացույցներ կան»,-ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ առանց զինվորական տարբերանշանների զինվորականները մի քանի անգամ հրաժարվել են ԵԱՀԿ դիտորդների ավտոբուսներին թույլ տալ մտնել թերակղզու տարածք:



























