Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի՝ Կարեն Եսայանի սպանության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Հարություն Սարգսյանը շարունակում է հացադուլը, ինչի հետեւանքով լուրջ առողջական խնդիրներ ունի: Այդ է պատճառը, որ նրան այսօր թույլ չեն տվել մեկուսարանից տեղափոխել դատարան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հարություն Սարգսյանի փաստաբանը՝ Լուսինե Սահակյանը:

Նա նշեց, որ իրենք գիտեին, որ ամբաստանյալին չեն տեղափոխելու դատարան, ըստ այդմ՝ դատավորը իրավունք չուներ հրապարակել դատավճիռը, այդ պատճառով էլ չէին գնացել նիստի: «Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ դատավճիռը կհրապարակվի ամբաստանյալի բացակայությամբ, քանի որ դա «Քրեական դատավարության օրենսգրքի» նորմերի խախտում է: Դատավորը պարտավոր է վճիռը հրապարակել ամբաստանյալի ներկայությամբ, իսկ հետո պարզաբանել ամբաստանյալի բողոքարկման իրավունքը: Առանց Հարություն Սարգսյանի դատավորը չպետք է հրապարակեր դատական ակտը, թեեւ նման խախտումներ թույլ տված դատավորից պետք է սպասել, որ դա էլ կանի»,- նշեց փաստաբանը:

Նա հրապարակված դատավճիռը որակեց հերթական ապօրինությունը եւ հավելեց, որ դա կբողոքարկեն Հայաստանի դատական ատյաններում: Նրանք հույս չունեն, որ այս գործով այստեղ կհասնեն օրինական ելքի, ուստի դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Որոշ պաշտոնանատար անձինք պնդում են, թե Հայաստանում դատարանները արդարադատություն են իրականացնում եւ իբր թե կայանում: Սրանից հետո չեմ կարծում, որ կգտնվի գեթ մեկ անձ, ով ունակ է ընկալելու իրականությունը եւ ասելու, թե Հայաստանում արդարադաություն իրականացնող դատարաններ ունենք: Սա այն գործն էր, որով իրենք կարող էին փորձել ապացուցել հանրությանը, որ քայլ են անում դեպի իրական արդարադատության իրականացում: Չկա մեկը, ով գիտի գործը եւ կարող է ասել. որ Հարություն Սարգսյանը կապ ունի այս հանցագործության հետ, բայց նման պայմաններում նման վճիռ է կայացվում»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Նա նշեց, որ այլ բան Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը չէր կարող անել, կամ պետք է չենթարկվեր դատախազության ճնշումներին, գործեր որպես դատարան, կամ գործեր կամակատար, ինչը եւ կատարվեց: Լուսինե Սահակյանի խոսքով՝  առաջին ատյանի դատավորը կամավոր չի կայացնում նման որոշում, եւ ակնհայտ է, որ Հայաստանում դատական ակտը չի փոխվելու, եթե, իհարկե, ինչ-որ  փուլի չփորձեն հասկանալ, որ այս աստիճանի անօրինականության չի կարելի թույլ տալ: Նրանց համար սպասելի էր նման դատավճիռը, քանի որ «եթե մի դատավոր ուղղակի իր ներկայությունն էր ապահովում, նախագահող դատավոր չենք տեսել, նման պայմաններում կարո՞ղ ենք ակնկալել, որ այդ դատավորը կարող էր օրինական դատավճիռ կայացնել»:

Թե ովքեր են մեղավորները, որ այս քրեական գործը նման ընթացք ունեցավ, Լուսինե Սահակյանն ասաց, որ ամեն ինչ սկսվեց նրանից, երբ  Հայաստանի ոստիկանապետը հայտարարեց, թե հանցագործությունը բացահայտված է, իսկ հանցագործը ձերբակալված է, իսկ նման պայմաններում ոստիկանապետին ենթարկվող քննչական մարմինը օբյեկտիվ քննություն չէր կարող իրականացնել, բայց նույնիսկ ճնշումներ գործադրելով, կեղծ ապացույցներ ձեռք բերելով՝  չկարողացան ձեռք բերել գեթ մեկ ապացույց, որով կարող էին հիմնավորել, որ Հարություն Սարգսյանը առնչություն ունի այս գործի հետ:

Լուսինե Սահակյանն ասաց, որ նախաքննության եւ դատաքննության ընթացքում մեծ դեր ունեցավ նաեւ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անձը. «Վարդան Ղուկասյանի անձը ամբողջ դատաքննության ընթացքում կարմիր թելի պես շրջանառվում էր, ոչ մեկ ցանկություն չուներ օբյեկտիվ քննություն կատարել, վարկածներից մեկն էլ այն էր, որ նրա որդին կարող է առնչություն ունենալ այդ հանցագործության հետ: Ես պարզապես չեմ ցանկանում խախտել անմեղության կանխավարկածը, բայց բավարար ապացույցներ կային եւ բազմաթիվ վարկածներ, որոնք պետք է ճշտվեին: Որեւէ նշանակություն չուներ՝ իրականում բացահայտվում էր հանցագործությունը, թե ձեւականորեն ինչ-որ անձի զրկում էին ազատությունից: Օբյեկտիվ քննություն այդպես էլ չարվեց, որպեսզի պարզեն իրական մեղավորներին, իսկ այն, որ բռնություններ գործադրելով, անձանց խոշտանգելով՝ փորձել էին քննության հունը  փոխել, դա արդեն ապացուցված է, ՀՔԾ-ում կա հարուցված քրեական գործ,  ըստ որի՝ Հարություն Սարգսյանի նկատմամբ բռնություն են կիրառել Շիրակի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը, նրա տեղակալ Վահրամ Ենգորյանը եւ այժմ արդեն Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը»,-ասաց փաստաբանը:

Նշենք, որ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի՝ Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման։