Ուկրաինային թույլ են տվել դիտորդական թռիչք կատարել Ռուսաստանի տարածքի վրայով, որպեսզի Կիեւը համոզվի, որ ռուսական կողմը Ուկրաինայի անվտանգությանն սպառնացող գործողություններ չի իրականացնում: Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
ՌԴ ՊՆ-ում ուշադրություն են դարձրել Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Իգոր Տենյուխի հայտարարությանը, որտեղ նա նշել էր, որ Ռուսաստանի զինված ուժերը զորավարժություններ են իրականացնում Ուկրաինայի արեւելյան սահմանների մոտ եւ Ղրիմում:
«Ուկրաինական կողմը հարցումով դիմել է մեզ, ՌԴ տարածքում, այսպես կոչված, արտակարգ դիտորդական թռիչք իրականացնելու վերաբերյալ: Թեեւ մենք ուկրաինական օդանավ ընդունելու որեւէ պարտավորություն չունենք, բայց որոշեցինք թույլ տալ դիտորդական խմբին նման թռիչք իրականացնել»,-ասել է Անտոնովը՝ ընդգծելով, որ ռուսական կողմը հույս ունի, որ իր հարեւան երկիրը կհամոզվի, որ Ուկրաինայի անվտանգությանն սպառնացող ռազմական գործողություններ չեն կատարվում:
ՌԴ պաշտպանության փոխնախարարը հիշեցրել է, որ մարտի 3-ին Արեւմտյան եւ Կենտրոնական ռազմական օկրուգներում ավարտվել է մարտունակության անսպասելի ստուգմանն ուղղված ակտիվ փուլը, իսկ մարտի 7-ին բոլոր ստորաբաժանումները վերադարձել են իրենց տեղակայման վայրերը:



























