Իրավախախտ կամ ոստիկանության ուշադրության կենտրոնում հայտնված անչափահասների հետ աշխատող համայնքային վերականգնողական կենտրոնները 2014 թ. հունվարից այլեւս չեն գործում, քանի որ միջազգային ֆինանսավորումն ավարտվել է եւ դեռեւս պետական աջակցություն չի ցուցաբերվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ «Մեդիա կենտրոնից»։
Փրոջեքթ Հարմոնի Ինթերնեյշնլ կազմակերպության հայկական գրասենյակի ղեկավար Մարիամ Մարտիրոսյանի դիտարկմամբ` վերականգնողական կենտրոնները, որոնք գործել են 2006 թվականից, 94 տոկոս արդյունավետություն են ցուցաբերել: «Պետությունը, հասկանալով կենտրոնների կարեւորությունը, պետք է աջակցի ոչ միայն դրանց պահպանմանը, այլ նաեւ հետագա զարգացմանը: Այս կենտրոններն արդեն կայացած են որոշակի ոլորտներում, կարելի է զարգացնել եւ ներդրվող պրոբացիոն ծառայության համակարգում էլ աշխատանքներ իրականացնել՝ եւ ոչ միայն անչափահասների հետ»,- կարծում է Մարիամ Պետրոսյանը:
Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոնի» գործադիր տնօրեն Միրա Անտոնյանի խոսքով՝ իրենց վերականգնողական կենտրոնները նույնպես արդյունավետության բարձր ցուցանիշ են ունեցել: «3 տարիների ընթացքում մենք աշխատել ենք մոտ 1000 երեխաների հետ՝ թե՛ արդեն հաշվառված, թե՛ դեռեւս չհաշվառված»,- ասում է Միրա Անտոնյանը: Ոստիկանությունն արդեն 2.5 ամիս է՝ անչափահաս իրավախախտների հետ աշխատում է առանց վերականգնողական կենտրոնների աջակցության: «Ոստիկանությունն այսօր ստեղծված իրավիճակը կառավարում է, անկախ կենտրոնների առկայության՝ անչափահաս իրավախախտների հետ աշխատանք տարվում է: Այլ բան է արդյունավետությունը»,- նշում է Արթուր Վարդանյանը՝ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ:
Արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանի խոսքով՝ այժմ քննարկվում է կենտրոնների՝ ոստիկանության, համայնքների կամ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բյուջեի շրջանակում ֆինանսավորելու հնարավորությունը:



























