Դեռ վաղ է կանխատեսումներ անել Հայաստանի տնտեսության վրա ռուբլու փոխարժեքի ազդեցության վերաբերյալ: Այդ մասին մարտի 12-ին խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ բացասական ազդեցություն դեռ չի նկատվում: «Կարծում եմ, առաջիկա ամսում իրավիճակը կպարզվի, հասկանալի կդառնա, կարճաժամկետ է այդ միտումը, թե երկարաժամկետ, այն ժամանակ էլ արդեն կարող ենք ինչ-որ գնահատականներ տալ»,- հայտարարել է նախարարը:
Նշենք, որ փետրվարից ռուբլին ամերիկյան դոլարի համեմատ շարունակում է անկում ապրել: Եթե փետրվարի սկզբին փոխարժեքն իջել էր 34.6 ռուբլու մակարդակի մեկ դոլարի դիմաց, ապա այժմ՝ 36.486 ռուբլի է: Սպասվող բացասական հետեւանքն աշխատանքային միգրանտների ռուբլով փոխանցումների դոլարային արժողության անկումն է:


























