Հայաստանի ֆինանսների նախարարությունը պատրաստ է պատասխանել կուտակային թոշակների վերաբերյալ բոլոր ոչ քաղաքական հարցերին: Այդ մասին մարտի 12-ին խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Նրա կարծիքով, ֆինանսների նախարարության շենքի առաջ մարտի 7-ին ակտիվիստների վերջին ցույցն իրականում ինչ-որ պարզաբանումներ ստանալու նպատակ չուներ: «Կարծում եմ, խնդիրն է այլ էր»,- հայտարարել է նախարարը:
Նա նշել է, որ ցույցից մի քանի ժամ անց Հայաստանի հաշվապահների միությունում հանդիպել է հաշվապահների եւ աուդիտորների հետ: Նրանց թվում քիչ չէին նրանք, ովքեր ցուցարարների շարքում էին: «Խաղաղ պայմաններում նրանք պարզաբանումներ ստացան: Մենք չենք խուսափում դրանցից: Պարզապես կան քաղաքացիական նախաձեռնություններ, կան քաղաքական ուժերի ակտիվիստների գործողություններ»,- հայտարարել է նախարարը:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, որի համաձայն 1974 թվականի հունվարի մեկից հետո ծնված աշխատողների աշխատավարձից կպահվի 5 տոկոսի չափով կենսաթոշակային կուտակային վճար, որոնք կտնօրինեն մասնավոր հիմնադրամները: Նույնքան չափով գումար կտրամադրի նաեւ պետությունը: Օրենքի դեմ հանդես են եկել IT ոլորտի, բանկերի եւ այլ ոլորտների աշխատակիցները: Հունվարի 24-ին ՍԴ-ն որոշեց ժամանակավորապես դադարեցնել օրենքի որոշ դրույթներ: Մի շարք գործատուներ աշխատակիցների աշխատավարձերից պահումներ չեն կատարում, սպասում են մարտի 28-ին դատարանի վերջնական որոշմանը:


























