Եվրոպական միության անդամ երկրները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթի շուրջ, որը ներառում է մուտքի արգելք եւ հաշիվների սառեցում այն անձանց հանդեպ, ովքեր պատասխանատու են Ուկրաինայի ինքնիշխանության խախտման համար, հաղորդում է Reuters-ը:
Յոթ էջից բաղկացած փաստաթուղթը մանրամասն նկարագրում է միջոցները, որոնք պետք է կիրառվեն Մոսկվայի նկատմամբ, եթե վերջինս Ղրիմում չփոխի քաղաքական կուրսն ու միջազգային միջնորդներին չներգրավի ճգնաժամի կարգավորման գործում:
Եթե երկուշաբթի կայանալիք հանդիպման ընթացքում ԵՄ արտգործնախարարները փաթեթը հաստատեն, դրանք կլինեն ԵՄ կողմից Ռուսաստանի դեմ կիրառված առաջին պատժամիջոցները սառը պատերազմի ավարտից ի վեր: Պատժամիջոցները լուրջ վնաս կհասցնեն Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ հարաբերություններին:
Նախատեսված միջոցառումները համակարգվում են Միացյալ Նահանգների, Շվեյցարիայի, Թուրքիայի, Ճապոնիայի եւ Կանադայի կողմից՝ նպատակ ունենալով կիրառել որքան հնարավոր է խիստ ու արդյունավետ պատժամիջոցներ:
«ԵՄ անդամ երկրներն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն իրենց տարածքում այն անձանց մուտքն ու տրանզիտը բացառելու համար, ովքեր պատասխանատու են Ուկրաինայի անկախությանը, տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը սպառնացող գործողությունների համար»,- նշվում է փաստաթղթի առաջին հոդվածում:
Երկրորդ հոդվածը վերաբերում է Եվրամիությունում առկա հաշիվներին եւ արձանագրում է, որ «բոլոր միջոցներն ու տնտեսական ռեսուրսները, որոնք պատկանում են կամ վերահսկվում են Ուկրաինայի ամբողջականության դեմ ուղղված գործողությունների համար պատասխանատու անձանց, կսառեցվեն»:
ԵՄ պաշտոնական անձանց համաձայն՝ փաստաթղթի նախագիծն ընդունվել է ԵՄ անդամների կողմից մարտի 12-ին կայացած փակ քվեարկության արդյունքում:
ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները պետք է հանդիպեն Բրյուսելում մարտի 17-ին: Առաջիկա հանդիպման ընթացքում սպասվում է սահմանափակումների պաշտոնական ստորագրություն, եթե Ռուսաստանի քաղաքականության մեջ էական փոփոխություններ տեղի չունենան, ինչը քիչ հավանական է թվում:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ կայացած նիստի ընթացքում ԵՄ անդամ երկրնեը դադարեցրել են բանակցությունները Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի պարզեցման եւ ներդրումների վերաբերյալ:



























