Ղրիմում հանրաքվեն կհանգեցնի համաշխարհային քաղաքական ասպարեզում եւս մեկ անորոշ միջազգային իրավական կարգավիճակով սուբյեկտի առաջացման: Այսօր՝ մարտի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նման կանխատեսում է արել ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
Նրա խոսքով՝ Ղրիմի հետագա ընդգրկումը «այլ պետության» կազմում նույնպես բացառված չէ:
Ինչ վերաբերում է Ուկրաինայ ապագային, ապա երկիրը պատրաստակամություն է հայտնել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրել, ինչն, առաջին հերթին, ենթադրում է ռազմաքաղաքական համագործակցություն:
Սակայն, ըստ Մարկարովի, այսօրվա Ուկրաինայի գլխավոր խնդիրը լրջագույն տնտեսական խնդիրների լուծումն է, որոնք կապված են նաեւ արտաքին օպարտքի եւ նոր տրանշների ստացման հետ:
Ինչ վերաբերում է Եվրոպայի կողմից Ռուսաստանի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների կիրառմանը, փորձագետը մեջբերել է Ուկրաինայում ՌԴ նախկին դեսպան Վիկտոր Չերնոմիրդինին. «Կնոջը վախեցրել են բարձրակրունկ կոշիկներով», պարզաբանելով, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կվնասեն ոչ այնքան Ռուսաստանին, որքան հենց Եվրոպային, քանի որ ԵՄ-ի եւ Երրորդ Հռոմի տնտեսությունները սերտորեն կապված են: «Եթե անգամ պատժամիջոցներ կիրառվեն, ներառյալ պաշտոնատար անձանց ակտիվների սառեցումը, դրանք կկրեն ժամանակավոր բնույթ»,-համոզմունք է հայտնել Մարկարովը:



























