Տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր, ղրիմ-թաթարական մեջլիսի նախկին ղեկավար Մուստաֆա Ջեմիլեւի հեռախոսազրույցը:

Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը եւ Ջեմիլեւը քննարկել են հանրաքվեի նախաշեմին Ղրիմում ստեղծված իրավիճակը: Մամուլի ծառայությունում հիշեցրել են, որ Ջեմիլեւը գտնվել է Մոսկվայում, որտեղ հանդիպել է ռուսական Թաթարստանի նախկին ղեկավար Մինթիմեր Շայմիեւի հետ:

«Ուկրաինսկայա պրավդա»-ի փոխանցմամբ՝ Ջեմիլեւը ուկրաինացի լրագրողներին հայտնել է, որ ՌԴ նախագահը չի հերքել Ղրիմում ռուսական զորքերի առկայությունը: «Ես խոսեցի այդ մասին (ռուսական զորքերի առկայության մասին), բայց նա (Պուտինը) դա չբացառեց: Ուղիղ չասաց. «Այո, մեր զորքերն այնտեղ են», բայց միաժամանակ ասաց, որ հանձնարարել է, որ ուշադիր հետեւեն, որ միջադեպեր չլինեն Ղրիմի թաթարների հետ»,-պատմել է Ջեմիլեւը: «Հանձնարարություն նա կարող է տալ միայն իր քաղաքացիներին, այսինքն իր զինվորականներին»,-ասել է նա: Ջեմիլեւը հայտնել է նաեւ, որ Պուտինը խոստացել է, որ «կանի հնարավոր ամեն բան, որ Ղրիմի թաթարները, որոնք շատ բան են տեսել 20-րդ դարում, եւս մեկ ողբերգություն չապրի»:

Ջեմիլեւի խոսքով՝ Պուտինը խնդրել է, որ Ղրիմի թաթարները չներգրավվեն հակամարտության մեջ: Պուտինի կարծիքով, Ղրիմի թաթարների հակամարտության մեջ ցանկանում են ներգրավել «ուկրաինացի ազգայնականները, բանդերականները»:

Ջեմիլեւը նաեւ նշել է, որ Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինան ԽՍՀՄ կազմից դուրս է եկել ոչ այնքան օրինական ճանապարհով:

«Ուկրաինայի տարածքային ամբողջականության թեմային անդրադառնալով, Պուտինը նշեց, որ անկախ Ուկրաինայի ինքնահռչակումը այնքան էլ չի համապատասխանել խորհրդային նորմերին, որոնք նախատեսում էին ԽՍՀՄ կազմից դուրս գալու ընթացակարգ: Ահա այսպիսի տեսակետ»,-ընդգծել է Ջեմիլեւը:

Նրանց միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել անհրաժեշտության դեպքում շարունակել բանակցությունները: