«Աֆիշա-Ռամբլեր-SUP» ընկերության սեփականատեր Ալեքսանդր Մամուտն, այսօր՝ մարտի 12-ին, աշխատանքից ազատել է «Lenta.ru»-ի գլխավոր խմբագիր Գալինա Տիմչենկոյին, հաղորդում է «Lenta.ru»-ն:

Նոր գլխավորի խմբագիր է նշանակվել գլխավոր տնօրենի արտաքին կապերի գծով տեղակալ Ալեքսեյ Գորեսլավսկին: Նախկինում վերջինս ղեկավարել է Vzglyad.ru ինտերնետը-պարբերականը, որը հայտնի է կրեմլամետ դիրքորոշմամբ:

Այս առնչությամբ, Lenta.ru-ի խմբագրությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Ցավոք, սա կադրային տեղափոխություն չէ, ուստի որոշակի պարզաբանումներ են հարկավոր: Մենք համարում ենք, որ այս նշանակումը ուղղակի ճնշում է «Lenta.ru»-ի խմբագրության նկատմամբ: Անկախ գլխավոր խմբագրի աշխատանքից հեռացումը եւ կառավարիչի նշանակումը, ընդ որում, անմիջապես Կրեմլի կաբինետներից, արդեն խախտում է ԶԼՄ-ների մասին օրենքը, որը վերաբերում է գրաքննության անթույլատրելիությանը»:

Հայտարարության համաձայն՝ վերջին մի քանի տարում Ռուսաստանում ազատ լրագրության միջավայրը դրամատիկ կերպով փոքրացել է: «Պարբերականներից որոշները ուղղակի կառավարվում են Կրեմլի կողմից, մյուսները՝ հոգաբարձուների միջոցով, երրորդները խմբագիրների միջոցով, որոնք վախենում են կորցնել աշխատանքը: Որոշ լրատվամիջոցներ փակվել են, մյուսները կփակվեն առաջիկա ամիսների ընթացքում: Խնդիրն այն չէ, որ մենք աշխատելու տեղ չունենք: Խնդիրն այն է, որ դուք, թվում է, այլեւս կարդալու ոչինչ չեք ունենա»,- նշվում է «Lenta.ru»-ի հայտարարության մեջ:

Հայտարարությունը ստորագրել են պարբերականի 69 աշխատակիցներ: Միաժամանակ, ինչպես նշել են ստորագրողները, իրենց դիմումն առաջին հերթին հայտարարություն է գրաքննության մասին, իսկ աշխատանքից ազատվելու որոշում յուրաքանչյուր աշխատակից ինքը պիտի կայացնի: Բոլոր աշխատակիցները, որոնց հետ հաջողվել է խոսել Slon.ru-ն, կամ արդեն ազատման դիմում են գրալ, կամ պատրաստվում են դա անել:

Գալինա Տիմչենկոն իր գործընկերներին հայտնել է, որ կայքի սեփականատեր Ալեքսանդր Մամուտը պահանջել է ազատել հատուկ թղթակից Իլյա Ազարին, որը հարցազրույց էր վերցրել ուկրաինական «Աջ հատվածի» ներկայացուցչից: Այն ժամանակ դեռ գլխավոր խմբագիր Տիմչենկոն մերժել էր այդ պահանջը:

Նշենք, որ ՌԴ «Ռոսկոմնադզորը» նախազգուշացրել է «Lenta.ru»-ին ուկրաինական «Աջ սեկտոր» ազգայնական շարժման առաջնորդներից մեկի՝ Անդրել Տարասենկոյի հետ հարցազրույցի հրապարակման համար:

«Ռոսկոմնադզորը» նշել է, որ Տարասենկոյի հարցազրույցում, ինչպես նաեւ «Դմիտրի Յարոշ. վաղ թե ուշ, բայց մեզ վիճակված է պատերազմել Մոսկովյան կայսրության դեմ» նյութում «պարունակվում են արտահայտություններ, որոնք ուղղված են ազգային ատելության բորբոքման»: