Որդուն խոհանոցային դանակով դիտավորությամբ սպանելու մեջ մեղադրվող 84-ամյա Վոլոդյա Նիկոյանը պնդում է, որ պատահական է դանակը մտցրել որդու սիրտը: Իր դեմ հարուցված քրեական գործով հերթական նիստի հետաձգվելուց հետո այսօր` մարտի 12-ին, NEWS.am-ի հետ զրույցում նա պատմեց դեպքի մանրամասները:
«Տանը նստած խնձոր էի ուտում: Խմած եկավ, խփեց գլխիս: Գլխիս էդ հատվածը փոս ա, ոսկոր չկա, որ էդ հատվածին խփում են, արյան շրջանառությունս վատանում է, չեմ կարողանում նորմալ շնչեմ: Ես էլ 3 ինֆակտ եմ տարել: Ասեցի՝ բոլ ա, մի հատ էլ խփես, կմեռնեմ: Գնաց լույսերն անջատեց, նորից հետ եկավ: Ասեցի՝ հեսա նորից կխփի, դրա համար ձեռքերս բարձրացրի, ձեռքերով գլուխս ծածկեցի: Դանակը ձեռքիս էր, որ ինքը մոտեցավ, մտավ մարմնի մեջ»,- NEWS.am-ին պատմեց Վոլոդյա Նիկոյանը` նշելով, որ տղան միշտ խմած էր գալիս տուն, հայհոյում, խփում էր իրեն:
Որդին` 56-ամյա Վլադիմիրը, հոր խոսքով, խմել սկսել է շատ վաղուց. «Դեռ բանակից խմում էր: Շատ լավ կյանքով եմ մեծացրել իրեն: Ոչնչի պակաս չի ունեցել: Վերջին տարիներին չէր աշխատում, բայց շատ լավ ձեռքի շնորհք ուներ: Էլեկտրիկություն, սվարկա անել գիտեր, լավ մասնագետ էր, բայց գործ չկար, որ աշխատեր: Ախր լավն էր, թե ինչի՞ էր խմում: Բարի էր, հարևաններին ամեն ինչով, որ կարում էր, օգնում էր»:
Ծերունին պատմեց, որ դեպքից հետո դժվարությամբ է մարդկանց երեսին նայում: «Հիմա նայում եմ, մարդկանց էրեխեքը մեծացել են, իրանց էրեխեքն ունեն, ես երեխուս իմ ձեռքով սպանեցի: Չեմ ուզում տուն գնամ, հարևանները թեք-թեք են նայում: Ուզում եմ, որ մեկ ու կես տարի`ոչ դիտավորյալ սպանության համար տան, որ համ ես թեթևանամ, համ էլ էս պատմությունը»,-ասաց նա:
Վլադիմիր Նիկոյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը), որը նախատեսում է ազատազրկում՝ 8-15 տարի ժամկետով: Գործն այժմ դատական քննության փուլում է: Դեպքը տեղի էր ունեցել 2013թ. հունվարի 11-ին։



























