Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում նշել է, որ ինքը պետք է անի ամեն հնարավորը, որպեսզի դադարեցնի Ղրիմը Ռուսաստանին միացնելու գործողությունը: Այս մասին հաղորդում է Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայությունը, հաղորդում է Reuters-ը:

Օլանդի խոսքով՝ դա «անընդունելի անեքսիա» կլինի: «Ֆրանսուա Օլանդը Պուտինին հիշեցրել է, որ մարտի 16-ին նախատեսված հանրաքվեն չունի որեւէ իրավական հիմք»,-ասված է Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Օլանդը նաեւ ընդգծել է, որ դեռեւս ժամանակ կա՝ խուսափելու համար հակամարտության անիմաստ եւ վտանգավոր էսկալացիայից: