Թուրքիայում Բերքին Էլվանի մահվան հետ կապված Դերսիմում բողոքի ակցիաները ճնշող ոստիկաններից մեկը թունավորվել է իր արձակած արցունքաբեր գազից եւ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել:
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայում 2013-ի ամռանը Գեզի այգու իրադարձությունների ժամանակ հաց առնելու համար տնից դուրս եկած եւ ոստիկանների նետած գազային ռումբից ստացած վնասվածքներից ամիսներ անց մահացած 14-ամյա Բերքին Էլվանի համար Թուրքիայի Թունջելի (Դերսիմ) քաղաքում բողոքի երթեր են կազմակերպվել:
Երթի ժամանակ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախումներ են սկսվել, որի ընթացքում ոստիկանությունը սկսել է արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ օգտագործել:
Ոստիկանության կողմից արցունքաբեր գազի օգտագործման հետեւանքով մեկ ոստիկան եւ 4 ցուցարար ուշագնաց տեղափոխվել են հիվանդանոց, որի ընթացքում ոստիկանը սրտի կաթված է ստացել եւ մահացել:
Թունջելում մութը ընկնելուց հետո էլ բողոքի գործողությունները շարունակվում են:



























