«Ժամանակ» թերթը զրուցել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ։ Հատված հարցազրույցից.

«Պարոն Զուրաբյան, չորս խմբակցությունների օրակարգում նախագահի հրաժարականի պահանջ քննարկվո՞ւմ է, թե՞ ոչ:

Նախագահի հրաժարականի պահանջի հարց բարձրացվել է ՀԱԿ-ի կողմից, նաեւ այլ ուժերի կողմից, որոնց անունը չեմ կարող տալ, որովհետեւ կարծում եմ, որ ամեն մեկը պետք է խոսի իր անունից:

Իսկ կառավարության հրաժարականի պահանջի շրջանակներում կադրային քաղաքականության հարց քննարկվո՞ւմ է, թե ով է լինելու վարչապետը, կառավարության կազմը:

Ո՛չ: Ոչ մի նման հարց չի քննարկվել: Իշխանափոխության «ճանապարհային քարտեզը» նշանակում է Հայաստանում քաղաքական մի քանի էտապների անցկացում: Առաջին էտապը լինելու է կառավարությանն անվստահություն հայտնելը, որին կհետեւեն այլ քայլեր: Եվ դուք վստահ եղեք, որ քանի որ կան տարբերություններ հետագա քայլերի վերաբերյալ դիրքորոշումների մեջ, մեր բոլորիս ջանքերը հիմա ուղղված են այդ հակասությունները հարթելուն եւ միասնական պլանի գալուն: Եվ կարող եմ ձեզ ասել՝ վստահ եմ, որ դա լինելու է, մենք կկարողանանք առաջին համաձայնեցված քայլից հետո կատարել երկրորդ համաձայնեցված քայլը, իսկ հետո նաեւ հասնել այն միակ լուծմանը, որն այսօր կարող է իսկապես Հայաստանում խնդիրներ լուծել:

Իսկ որո՞նք են այդ «ճանապարհային քարտեզի» երկրորդ, երրորդ քայլերը:

Դուք հիմա ուզում եք, որ ես խոսեմ այն քայլերի մասին, որոնք դեռ համաձայնեցված չեն: Դրա համար ես դրա մասին չեմ խոսի: Այդ երկրորդ, երրորդ քայլերի մասին տարբեր պատկերացումներ կան: Բայց մենք գտնվում ենք համաձայնեցման գործընթացի մեջ:

Այդ քննարկումների ընթացքում, երբ դուք նախագահի հրաժարականի հարց եք բարձրացնում, ԲՀԿ-ն ինչպե՞ս է դրան վերաբերվում:

Թե ԲՀԿ-ն ինչպես է վերաբերվում, դա չպետք է հարցնեք ՀԱԿ-ից:

Հնարավո՞ր է, չորս ուժերը նորից կրկնեն վարչապետի հրաժարականի պահանջը եւ ստորագրահավաք կազմակերպեն, հարցը արտահերթ կարգով մտցնեն նիստերի օրակարգ:

Ինձ մոտ արդեն տպավորություն է, թե դուք ցանկանում եք մտնել մեր քաղաքական խոհանոցի ամեն մի դետալի մեջ: Բոլոր հարցերը քննարկվում են, թույլ տվեք, ձեզ ամեն մի մանրամասն չբացել: Քայլերը կլինեն, հրապարակայնորեն կհռչակվեն, համատեղ գործողություններ կլինեն, համատեղ միջոցառումներ կլինեն, եւ ոչ մեկը չի կարողանա դա գաղտնի պահել հայ հանրությունից»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում