ԱՄՆ-ում այցով գտնվող Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը ելույթ է ունեցել Վաշինգթոնի «Ատլանտյան խորհրդում»: Նա նաեւ պատասխանել է լսարանի հարցերին: «Ամերիկայի ձայնը» մեջբերում է Ուկրաինայի վարչապետի որոշ հայտարարություններ:

Ղրիմի հանրաքվեի մասին

«Մենք պատրաստ ենք երկխոսություն սկսել՝ ինքնավարության շրջանակներում ղրիմցիների իրավունքները ընդլայնելու վերաբերյալ: Սակայն դա պետք է սահմանադրական երկխոսություն լինի՝ Ուկրաինայի խորհրդարանի մասնակցությամբ: Այժմ խոսքը  նախապես հայտնի արդյունքով պատվիրված հանրաքվեի մասին է, կարծում եմ, որ քվեարթերթիկներն արդեն քվեատուփերում են:

Որպեսզի այն սահմանադրական լինի, Ռադան պետք է հաստատի օրինական հանրաքվեն: Ղրիմում օրինական կառավարություն չկա, կան մարդիկ, որոնց աջակցում են ռուս 18 հազար զինվոր, որոնք զավթել են Ղրիմի իշխանությունը»:

Ուկրաինայի միջազգային աջակցության մասին

«Մենք ուրախ կլինեինք ինքնուրույն հաղթահարել ստեղծված իրավիճակը, սակայն նման հնարավորություն չունենք: Խոսքը միայն Ուկրաինայի մասին չէ: 1994 թ. Բուդապեշտի հուշագիրը երաշխավորում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Մենք հրաժարվեցինք մեր միջուկային զենքից: Եվ այսօր օգնություն ենք խնդրում: Եթե մենք այն չստանանք,  ապա աշխարհն ինչպե՞ս կարող է խնդրել այլ պետություններին՝ դադարեցնել իրենց միջուկային ծրագրերը: Դա գլոբալ խնդիր է»:

Ուկրաինայում կայանալիք ընտրությունների մասին

«Մենք պատրաստ ենք ազատ եւ արդար ընտրություններ անցկացնել:  Մենք դիմել ենք միջազգային դիտորդներին՝ խնդրելով ընտրությունների դիտարկում կատարել: Ես հավատում եմ, որ մայիսի 25-ին մենք կիմանանք՝ ով  կդառնա Ուկրաինայի նոր նախագահը»:

Ղրիմի դեմ Ուկրաինայի հնարավոր պատժամիջոցների մասին

«Ղրիմն Ուկրաինայի մասն է, եւ մենք կանենք հնարավոր ամեն ինչ՝ սննդամթերք, ջուր, էլեկտրականություն մեր մարդկանց հասցնելու համար,  քանի որ դա մեր տարածքն է եւ մեր մարդիկ»:

Ուկրաինայի ռուսախոս բնակիչների պաշտպանության մասին

«Իմ կինը ռուսերեն է խոսում, եւ նա պաշտպանության կարիք չունի, ինչպես եւ իմ երեխաները... Նրանք ինչ-որ բա՞ն են ասել հակասեմական  կառավարության մասին: Մեր կառավարության փոխվարչապետը ներկայացնում է հրեա համայնքը: Մենք պայքարելու ենք ֆաշիզմ եւ նացիզմ հիշեցնող ամեն ինչ դեմ»:

Ապագայի մասին

«Մենք մինչեւ հիմա հավատում ենք, որ գոյություն ունի ճգնաժամը լուծելու դիվանագիտական տարբերակ: Սա Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարաբերությունների միջեւ ճգնաժամ չէ, սա գլոբալ ճգնաժամ է: Իսկ եթե Ռուսաստանն առաջ շարժվի՞: Վերականգնե՞լ Խորհրդային Միությունը: Մենք մինչ այժմ ցանկանում ենք ազատ, իրավահավասար, գործընկերային հարաբերություններ Ռուսաստանի հետ, սակայն դա հնարավոր չէ ռազմական ինտերվենցիայի պայմաններում:

Մենք ռազմական տարբերակը ճգնաժամը լուծելու լավագույն տարբերակ չենք համարում: Ամեն ինչ կախված է նախագահ Պուտինի անձնական նպատակներից: Դուք, երեւի, հիշում եք՝ ինչ էր նա ասել, որ 20-րդ դարի գլխավոր աղետը Խորհրդային Միության փլուզումն էր: Ես կասեի, ներկայիս դարաշրջանի ամենամեծ աղետը կլինի այն վերականգնելը»: