ԱՄՆ-ում իր աշխատանքն է վերսկսում Ուկրաինայի հետ ռազմավարական գործընկերության հարցերով հանձնաժողովը: Այս մասին հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի այցի արդյունքներով:

«Կրկին հաստատելով մեր գործընկերությունը, մենք մտադիր ենք վերսկսել Ուկրաինայի հետ ռազմավարական գործընկերության հարցերով հանձնաժողովի աշխատանքները՝ նախարարների մակարդակով, որի նպատակը միջուկային անվտանգության եւ միջուկային զենքի չտարածման, երկխոսության եւ օրենքի գերիշխանության, էներգետիկ անվտանգության, ինչպես նաեւ գիտության եւ տեխնիկայի  ոլորտներում ամերիկա-ուկրաինական ռազմավարական գործընկերության խորացումն է»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ Յացենյուկի Վաշինգթոն այցի ընթացքում քննարկվել են կոնկրետ քայլեր, որոնք ձեռնարկում է ԱՄՆ-ը այս կրիտիկական պահին Ուկրաինային աջակցելու համար, այդ թվում մեկ մլրդ դոլարի վարկ եւ տեխնիկական եւ այլ օգնության փաթեթ կտրամադրվի:
«Ուկրաինան պատմական մարտահրավերի եւ շանսի առջեւ է կանգնած: Առաջիկա ամիսներին Ուկրաինայի կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի տնտեսական կայունությունը վերականգնելու, ինչպես նաեւ բոլորի համար ազատ, արդար եւ բաց նախագահական ընտրություններ անցկացնելու համար, որը թույլ կտա ուկրաինացի ժողովրդին ընտրել իր ապագան»,-ասված է հաղորդագրությունում:

Բացի այդ, Պետքարտուղարությունը նշում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը առաջիկա ամիսներին Կիեւում իր ուկրաինացի գործընկերների հետ երկկողմ խորհրդակցություններ կանցկացնի պաշտպանական ոլորտի վերաբերյալ, հաղորդում է «Ինտերֆաքս Ուկրաինան»:

Հիշեցնենք, որ մարտի 12-ին Սպիտակ Տանը կայացել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հանդիպումը: