Նորածնին սպանելու փորձ կատարած կնոջ եւ նրա երեխայի առողջական վիճակը լավ է, այսօր նրանց դուրս կգրեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սպիտակ» բժշկական կենտրոնի տնօրեն Արսեն Մկրտչյանը:
Նա պատմեց, որ կինը հյուր էր գնացել եղբոր ընտանիքին, որտեղ էլ ծննդաբերել է, եղբոր կինը օգնության է կանչել բուժքույր հարեւանուհուն, ով աշխատում է հենց «Սպիտակ» բ/կ-ում: «Վայրկյանական ծնունդ է եղել, ասել է, որ զուգարան եմ գնացել, հանկարծակի ծնվել է եւ երեխային վնասելու նպատակ չի ունեցել: Մեր բուժքույրն էլ բացատրության մեջ նշել է, որ հարեւանի տանը ականատես է եղել, որ զուգարանի սենյակում կա կին՝ գրկին բարուրած նորածին երեխա, կատարել է երեխայի առաջնային մշակում եւ անմիջապես զանգահարել 1-03 ծառայություն»,- պատմեց հիվանդանոցի տնօրենը:
Հիշեցնենք, որ մարտի 10-ին, ժամը 12.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության բրիգադը Ջրաշեն գյուղից իրենց մոտ է տեղափոխել տնային պայմաններում ծննդաբերած` 1974 թ. ծնված Անուշ Գ.-ին, նորածնի հետ միասին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մարտի 9-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Անուշ Գ.-ն եղբոր` 1979 թ. ծնված Նվեր Մ.-ի տանը, տնային պայմաններում ծննդաբերելուց անմիջապես հետո, ապօրինաբար իր նորածին արական սեռի երեխային կյանքից զրկելու դիտավորությամբ, նրան թողել է տան զուգարանակոնքի մեջ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում, եղբոր կնոջ` 1984 թ. ծնված Արմինե Ա.-ի միջամտությամբ, սպանությունն ավարտին չի հասցվել:
Անուշ Գ.-ն նորածնի հետ տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն, նորածնի կյանքին վտանգ չի սպառնում: Ոստիկանության Սպիտակի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:



























