Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին պատկանող գարեջրի գործարանի անվտանգության աշխատակիցներից Արտյոմին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի ոստիկանական աղբյուրները:
Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գյումրիում դանակահարության դեպք է գրանցվել, այս անգամ՝ Գյումրիի ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի աշխատակցի մասնակցությամբ:
Մեր տեղեկություններով՝ «Շտապբուժօգնության» մեքենայով Գյումրիի բժշկական համալիր է տեղափոխվել Սարգսյան փողոցի թիվ 47 տան բնակիչ 35-ամյա Արմեն Մելսիկի Տիգրանյանը: Նա ձեռքի հատվածում ստացել է դանակի հարվածի վնասվածք, բժիշկ Գաբրիել Հակոբյանը փորձել է առաջին օգնություն ցուցաբերել տուժածին, սակայն վերջինս հրաժարվել է օգնությունից ու ինքնակամ հեռացել հիվանդանոցից: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ դանակահարողը Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի գարեջրի գործարանի անվտանգության աշխատակիցներից մեկն է:



























