Հրազդան գետի մակարդակը մարտի 12-ին բարձրացել է, իսկ ջուրը ամբողջովին` սեւացել, հաղորդում է «ԷկոԼուր»-ը: 

Աղտոտվածությունից եւ գարշահոտությունից մարդիկ անգամ չէին ցանկանում մոտ գալ գետին:  «Փարվանա» ռեստորանային համալիրի տարածքում գտնվող ջրլող թռչունները դուրս էին եկել ջրից,  իսկ ձկներ գետում ընդհանրապես  չէին երեւում: Ռեստորանային համալիրների աշխատակիցները ԷկոԼուրի հետ զրույցում նշել են, որ ամեն տարի այսպես է լինում: «Գնացեք ՀԷԿ-երից հարցրեք, ինչի է էսպես»,- ասում էին նրանք:

Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի ԱԻՆ-ը տեղեկացրել էր, որ  Երեւան ՀԷԿ-ի ավազանից աստիճանաբար լինելու են ջրբացթողումներ, ինչի հետեւանքով Հրազդան գետի մակարդակը՝ Դավիթաշենի կամրջից մինչեւ Երեւանյան լիճն ընկած հատվածում կբարձրանա: