Հայաստանի թռչունների պահպանման միությունը ուրախ է տեղեկացնել, որ
Հայաստանում մեկնարկել է «Գարնանն ընդառաջ» ծրագիրը, հաղորդում է «ԷկոԼուրը»:
Հայաստանի թռչունների պահպանման միությունից հայտնում են, որ արդեն 9 տարեկան «Գարնանն ընդառաջը» այս տարի նույնպես համախմբելու է երեխաներին, նրանց ուսուցիչներին եւ ընտանիքներին Եվրոպայում, Ասիայում եւ Աֆրիկայում դիտարկելու եւ գրանցելու չվող թռչունների հինգ տեսակների վերադարձը՝ Գյուղական ծիծեռնակ, Սպիտակ արագիլ, Սովորական կկու, Սեւ մանգաղաթեւ եւ Ոսկեգույն մեղվակեր:
«Գարնանն ընդառաջը» միավորում է Եվրոպայի եւ Աֆրիկայի բնակիչներին, որոնք հետեւում եւ գրանցում են լայնորեն տարածված 5 թռչնատեսակների գարնանային վերադարձը: Մասնակիցները հետեւում են գարնան հերթափոխին մայրցամաքների միջեւ եւ գրանցում իրենց դիտարկումները www.springalive.net կայքում: Երեխաների մեծամասնությունը, ովքեր մասնակցում են «Գարնանն ընդառաջ» ծրագրին առաջին շփումն են ունենում թռչունների հետ եւ հնարավորություն են ստանում դիտարկելու եւ ավելին իմանալու նրանց մասին:
2014 թ-ը հատկանշական է լինելու «Գարնանն ընդառաջի» համար, քանզի սպասվում են նորանոր անակնկալներ, այդ թվում տեղեկություններ թռչունների եւ նրանց միգրացիայի մասին, միջազգային մրցույթներ, առցանց խաղեր եւ շատ այլ նորույթներ:



























