Ոստիկանության Կենտրոնականի բաժնի եւ Մարաշի բաժանմունքի ծառայողներն օրերս Սարիթաղի 6-րդ շարքի մի տնից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 59-ամյա Արամ Գ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա խոստովանել է, որ փետրվարին  բաց դռնից մտել է Չարենցի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկը եւ գողացել խոհանոցային սպասք, երկարացման լարեր, մեկ զույգ զինվորական կոշիկ եւ արհեստագործական գործիքներ` պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է նաեւ, որ Արամ Գ.-ն 2013 թ. դեկտեմբերի 23-ից  27-ն ընկած ժամանակահատվածում մտել է Չարենցի 2-րդ նրբանցքի  տներից մեկի բակ եւ գողացել երկու էլեկտրական սղոց, տարբեր տեսակի կենցաղային գործիքներ` պատճառելով մոտ 40.000 դրամի նյութական վնաս:

Պարզվել է նաեւ, որ հունվարի 5-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Արամ Գ.-ն մտել է Սարի-Թաղի 5-րդ շարքի տներից մեկի բակ եւ քարե շինությունից գողացել կոշիկներ, դանակներ եւ տարբեր տեսակի արհեստագործական գործիքներ:

Բայս սա դեռ ամենը չէ. Արամ Գ.-ն  հունվարի 5-ից 15-ն ընկած ժամանակահատվածում մի շինությունից գողացել է ձեռքի սղոց եւ տարբեր տեսակի արհեստագործական գործիքներ:

Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է նախաքննություն: