Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի այս տարվա առաջին նիստը կկայանա մարտի 17-ին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ԱԺ-ի կայքից:
Հանձնաժողովի օրակարգում երեք հարց է ընդգրկված՝ «Սինջար եզդիների ազգային միավորում» եւ «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպությունների, լրագրողներ Գրիշա Բալասանյանի, Աննա Եղիազարյանի, Սարգիս Խանդանյանի եւ Հակոբ Կարապետյանի եւ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դիմումները:
Հիշեցնենք, որ Մանվել Բադեյանը լրագրողներից մեկի այն նկատողությանը, որ «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղի ռուսերենով հեռարձակումը հակասում է «Լեզվի մասին» օրենքին, պատասխանել էր կոպիտ արտահայտություններով: Դրանից հետո պատգամավորն սկսել էր լրագրողներին բարոյախոսություն կարդալ, որ նրանց մակարդակը «փողոցային եզդիների» մակարդակից ցածր է: Դրանից հետո եզդիները բողոքի ակցիաներ էին կազմակերպել ԱԺ-ի մոտ, նրանց ընդունել էին, իսկ պատգամավորը ներողություն էր խնդրել:
Լրագրողների դիմումը վերաբերում է հայ-ռուսական գազային համաձայնագրի ժամանակ ԱԺ դահլիճում տեղի ունեցած միջադեպին: Երբ մի խումբ լրագրողներ ներկայացրել են իրենց քաղաքացիական դիրքորոշումը եւ կարծիքը նիստի ընթացքում քվեարկվող միջազգային համաձայնագրերի վերաբերյալ, ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը բացականչել էր` «էս կապիկներին էլ հանեք ստից»:
Իսկ Նիկոլ Փաշինյանը խնդրել է հանձնաժողովից եզրակացություն ներկայացնել իրեն «Հայկական ժամանակ» օրաթերթից արված առաջարկի շուրջ, որը վերաբերում է խմբագրական խորհուրդը գլխավորելուն, խորհրդում աշխատանքը չի ենթադրում աշխատավարձ եւ պիտի իրականացվի ոչ վճարովի հիմունքներով, արդյոք դա կարելի է համարել ստեղծագործական բնույթի աշխատանք, թե ոչ:
Նշենք, որ Էթիկայի հարցերով հանձնաժողովի նախագահը ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն է, անդամներն են Վահան Բաբայանը, Հովհաննես Մարգարյանը, Թեւան Պողոսյանը եւ Աղվան Վարդանյանը:



























