Ինչու մանկապարտեզներին սնունդ մատակարարող միայն 4 կազմակերպություններ կարող են հայտնվել «սեւ ցուցակում»: Նման հարցադրմամբ հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Երեւանի քաղաքապետը մարտի 11-ի  թվակիր նամակով հայտնում է, որ Միակողմանիորեն լուծվել են Նորք-Մարաշ, Դավթաշեն, Արաբկիր վարչական շրջանների մանկապարտեզներին սննդամթերք մատակարարող 4` «Հ.Ա.Ն.Ս.-ՖՈՒԴ», «Հեփի Ֆուդ», «Անանո», «Հալալ միս» ՍՊԸ-ների  եւ քաղաքապետարանի հետ    կնքված պայմանագրերը՝ դրանցով նախատեսված սննդամթերքը տեխնիկական բնութագրով սահմանված պահանջներին չհամապատասխանելու հիմնավորմամբ:  Մի այլ տեղեկանքով քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության բաժինը ներկայացրել է 2014թ. հունվարի 13-17 ընկած ժամանակահատվածում Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Դավիթաշեն եւ Շենգավիթ վարչական շրջանների մանկապարտեզներում կատարված ստուգայցերի ժամանակ որ մատակարարի ապրանքն է վերադարձվել եւ ինչ հիմնավորմամբ: Այդ ցանկից հետեւում է, որ գործող պայմանագրերը նույն հիմնավորմամբ  կարելի էր խզել ոչ միայն այդ 4 կազմակերպությունների հետ, որովհետեւ տեխնիկական բնութագրով սահմանված սննդամթերք չեն մատակարարել նաեւ այլ մատակարարներ, օրինակ բացի «Հալալ միս» ՍՊԸ-ից, միսը պայմանագրով նախատեսված «պաղեցրած»-ի փոխարեն` խորը սառեցված եւ տեխբնութագրով նախատեսված արկղերով չեն մատակարարել նաեւ «Տիսա» ՓԲԸ, «Կամելիա Գրուպ» ՍՊԸ-ները:

Ինչպես նաեւ քաղաքապետարանը ՀՀ ֆինանսների նախարարությանն առաջարկել է այս կազմակերպությունների անունները ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցանկում /սեւ ցուցակ/:

Իհարկե  անբարեխիղճ  մատակարարներին պետք է այս կերպ պատժել, որ մնացածին դաս լինի, սակայն արդյոք միայն այդ 4 կազմակերպություննե՞րն են անբարեխիղճ, սա է հարցը»: