Հայաստանում կստեղծվի խոշոր եղջերավոր անասունների տվյալների բազա: Այս մասին որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ: Անասունների ցեղատեսակի ու դրանց տեղաշարժի վերաբերյալ տվյալների բազան թույլ կտա անասնաբուժական ծրագրերն ավելի արդյունավետ դարձնել, իսկ մսամթերքը՝ ավելի անվտանգ, արտահանումը՝ մրցունակ, նշվում է հիմնավորման մեջ:
2012-ի հոկտեմբեր-դեկտեմբերին Հայաստանի գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը արդեն նման ծրագիր իրականացրել է Վայոց Ձորի մարզի համար:
Ծրագրվում է նաեւ շարունակել կենդանիների անձնագրման գործընթացը:
Ծրագրի շրջանակում մշակվել է «ԱՆԻ ՊԱՍ» համակարգը, որը հնարավորություն է տալիս մուտքագրել եւ վերլուծել կենդանու եւ դրա առողջության վերաբերյալ տեղեկությունները եւ պահպանել դրանք: Մշակվել են համակարգից օգտվելու ուղեցույցը, տվյալների գրանցման մատյանները, միասնական ձեռնարկը: «ԱՆԻ ՊԱՍ» համակարգ է մուտքագրվել մարզի կենդանիների ամբողջ գլխաքանակը, ընդամենը 23 հազար 98 գլուխ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկով ՀՀ կառավարությունը որոշել է ծրագիրն իրականացնել ամբողջ երկրում: Իբրեւ սկիզբ ենթադրվում է ձեռք բերել կենդանու ականջապիտակը, դակող գործիքը, անձնագիրը, գրանցամատյանները, տվյալների պահման սերվերը, համայնքներում նշանակել սպասարկող անասնաբույժներ, կնքել աշխատանքային պայմանագրեր եւ այլն:
Ակնկալվում է, որ միջոցառումը հնարավորություն կտա առավել արդյունավետ, կանխատեսելի եւ վերահսկելի դարձնել կենդանիների տեղաշարժի, հիվանդությունների հսկողության, հակահամաճարակային միջոցառումների իրականացման աշխատանքները:


























