Հաշմանդամություն ունեցողները եւս կարող են ՀՀ քաղաքացիության հավակնել: Համապատասխան փոփոխությունները Հայաստանի օրենսդրության մեջ հավանության են արժանացել Կառավարության այսօրվա՝ մարտի 13-ի նիստում:

Որոշման պարզաբանման մեջ նշվում է, որ հաշմանդամություն ունեցողների՝ քաղաքացիություն ստանալու հարցում հավասար հնարավորությունների անհրաժեշտությունը բխում է 2006-ին ընդունված «Հաշմանդամների իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայից:

Բացի այդ, 1954-ին ընդունված «Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն, Հայաստանում ծնված երեխաները ավտոմատ կերպով ՀՀ քաղաքացիություն են ստանում, եթե նրանց ծնողները քաղաքացիություն չունեցող անձինք են կամ իրենց երկրների օրենսդրության համաձայն չեն կարող երեխային փոխանցել իրենց քաղաքացիությունը:

Նախատեսված է նաեւ, որ այլ երկրի քաղաքացիության օգտին ՀՀ քաղաքացիությունից հրաժարված անձինք, որոնք չեն ստացել այդ երկրի քաղաքացիություն, կարող են դիմել եւ վերադառնալ ՀՀ քաղաքացիության: