«Տոնուս» ՍՊԸ-ից տուժած քաղաքացիները հույս ունեն, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կլուծի իրենց հարցը, ու նրանք կստանան իրենց բնակարանները: Այս մասին այսօր` մարտի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին խաբված բնակարանատերերը:
«Այսպիսի բան ոչ տեսել ենք, ոչ լսել, որ մարդ տուն առնի, բայց էս տանը չապրի, տենց բան աշխարհում չկա: Բայց դե մենք հույս ունենք, որ արդարությունը կվերականգնվի ու մենք մեր բնակարանները կստանանք»,- ասաց «Տոնուս» ՍՊԸ-ի գործունեությունից տուժած երգիչ Արթուր Իսպիրյանը:
Խաբված բնակարանատերերը բազմիցս բողոքի ակցիաներ են կազմակերպել Արցախբանկի եւ Կառավարության մոտ, սակայն անօգուտ: Երեկ առավոտյան քաղաքացիները հավաքվել էին նախագահի առանձնատան մոտ:
«Սա պատվի հարց է, սա ժողովրդի հարց է: Այս հարցի պատասխանը պետք է տա միայն նախագահը: Ուրեմն ինչքան խելացի կազմակերպված մարդիկ ենք, որ համբերատար լռել ենք, տասը տարի ոչ մեկը ոչինչ չարեց, ոչնչով չօգնեց, այնպես որ այս հարցը կլուծի միայն ու միայն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը»,- բորբոքված նշեց Զոյա Պետրոսյանը, որը ինը մլն դրամ է վճարել, սակայն բնակարանն այնպես էլ չի ստացել:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Դավիթաշենում եւ Արաբկիրում մի խումբ քաղաքացիներ չեն կարողանում մուտք գործել իրենց սեփական բնակարանները: ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին պատկանող «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, սակայն այնուհետեւ դրանք գրավադրել է «Արցախբանկում»: Շենքի կառուցումից հետո «Արցախբանկը» տիրացել է բնակարաններին, «Տոնուս Քոնսթրաքշնը» սնանկ է ճանաչվել, իսկ քաղաքացիները մնացել են ձեռնունայն: Բնակարանատերերի խոսքով՝ Տոնոյանն այժմ Վրաստանում զբաղվում է բիզնեսով։ Նրանք չեն հավատում, որ «Արցախբանկը» տեղյակ չի եղել Տոնոյանի խարդախություններին։ Նոյեմբերի 14-ին խաբված բնակարանատերերը ներխուժել էին Սայաթ Նովա փողոցում գտնվող «Արցախբանկի» Նաիրիի մասնաճյուղ, հանդիպեցին կառավարչի հետ, սակայն ոչինչ չէր փոխվել։



























