Ուկրաինայի խորհրդարանը ՄԱԿ-ին ուղղված դիմում է ընդունել, որտեղ խնդրում է աջակցել երկրի տարածքային ամբողջականության պահպանմանը: Գերագույն Ռադան ՄԱԿ-ին կոչ է արել անհապաղ քննարկելի Ղրիմում ստեղծված իրավիճակը, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:
Հայտարարությունում Ուկրաինան մեղադրել է Ռուսաստանին անհիմն ագրեսիայի եւ ուկրաինական տարածքն անեքսիայի ենթարկելու փորձի մեջ:
Բացի այդ, Կիեւը իրեն իրավունք է վերապահում դիմել տարածաշրջանային ռազմական դաշինքներին եւ երկրներին՝ խնդրելով օգնել իր տարածքային ամբողջականությունն ապահովելու հարցում:
Նշվում է, որ Ռեգիոնների կուսակցությունը հրաժարվել է քվեարկել այդ դիմումի օգտին, մեկնաբանելով, որ պետք է սպասել Ղրիմում «հանրաքվեի» արդյունքներին:
Իր հերթին, Ուկրաինայի կոմունիստները հանդես են գալիս երկրի տարածքային ամբողջականության օգտին, բայց ՄԱԿ-ին նման խնդրով չեն դիմի:
Նշվում է, որ «Ազատություն» կուսակցությունից ընտրված պատգամավոր Յուրի Միխալչիշինը խորհրդարանին կոչ է արել ՄԱԿ-ին դուրս հանել Ռուսաստանին կազմակերպության ղեկավար մարմիններից՝ որպես ագրեսոր երկիր:



























