ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) եւ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը փետրվարի 22-ին Փարիզում հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, իսկ մարտի 11-ին Մոսկվայում՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Այս մասին հաղորդում է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքը:

Համանախագահները շարունակել են արտգործնախարարների հետ քննարկել 2013 թվականի նոյեմբերին Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բարձրացրած հարցերի լուծումը: Արտգործնախարարները վերստին մնացյալ հարցերը լուծելու ու գործընթացն առաջ տանելու ցանկություն են հայտնել:

Կողմերը պայմանավորվել են բարձր մակարդակով բանակցություններ անցկացնելու անհրաժեշտության շուրջ՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի գրանցման համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ընդգծել են համագործակցության շարունակման կարեւորությունը:

Համանախագահները պլանավորում են տարածաշրջան այցելել հաջորդ ամիս: