Իշխող Հանրապետական կուսակցությունը անհանգստացած չէ կոալիցիայի մեջ չմտնող չորս քաղաքական ուժերի հնարավոր կոնսոլիդացիայով: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Նա նշել է, որ միշտ էլ ողջունելի է, որբ քաղաքական ուժերը բանակցում են, ինչի արդյունքում տարբեր խնդիրների լուծման ուղիներ կարող են գտնվել: «Սակայն ես չգիտեմ, թե ինչի կհանգեցնի չորս կուսակցությունների կոնսոլիդացիան: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մեր գործընկերն էր, կոալիցիայի լիարժեք անդամ: Այն քաղաքական ուժերը, որոնք այժմ նրա հետեւից են գնում, ժամանակին ատելությամբ էին նայում նրա կուսակցությանը: Ժամանակին նրանք ԲՀԿ-ին վերաբերում էին այնպես, ինչպես հիմա մեզ»,-հավելել է պատգամավորը, միաժամանակ նշելով, որ ԲՀԿ ներկայիս գործողություններում դավաճանություն չի տեսնում:
Մինասյանը նաեւ նշել է, որ քաղաքական ուժն ինքը պետք է ընտրության հնարավորություն ունենա՝ ընդդիմություն է ինքը, թե՝ ոչ: «Զուրաբյանը լավ կանի իր կուսակցության խնդիրներով զբաղվի»,-եզրափակել է նա:



























