Ներկայումս Ուկրաինայի օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չկա: Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան:

Նրա խոսքով՝ այդ մասին վերջերս հայտարարել է երկրի վարչապետը: «Կան շատ հարցեր կապված տնտեսական ու քաղաքական կայունության, ընտրությունների անցկացման հետ: Երբ իրավիճակը կայունանա, այդ ժամանակ որոշումներ կկայացվեն»,-ասել է դեսպանը:

Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր կնքելուն, այստեղ հարցն այլ կերպ է դրված: Դեսպանը հիշեցրել է, որ եվրոպական կողմը հայտարարել է, որ մոտ ժամանակներս կստորագրվի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: Դա շատ կարեւոր համաձայնագիր է: Ուկրաինան վաղուց է գնում դրան, նկատել է դեսպանն ու հավելել, որ բողոքն Ուկրաինայում սկսվել է հենց այդ փաստաթուղթը չստորագրելու պատճառով: