Հայաստանի իշխանությունները եվրաինտեգրման, ապա անսպասելիորեն Մաքսային միությանն անդամակցելու մասին իրենց հայտարարություններով թյուրիմացության մեջ են գցել ժողովրդին: Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը՝ հավելելով, որ իշխանությունները փոխել են երկրի արտաքին քաղաքական կուրսը, այդ մասին չտեղեկացնելով ժողովրդին, որն իրենց ընտրել է:

Իր հերթին, իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը վստահեցրել է, որ Մաքսային միությանն անդամակցելը այլընտրանք չունի: Նրա խոսքով՝ ՄՄ-ին անդամակցումը դրականորեն կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա: Մինասյանը նաեւ հավելել է, որ ՀՀԿ-ն հավատարիմ է մնում եվրոպական արժեքներին, մասնավորապես, մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ այլ ոլորտներում:

Հիշեցնենք, որ 2013-ի սեպտեմբերի 3-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարել էր, որ իր երկիրը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը: Դեկտեմբերի 24-ին արդեն կազմվել է ՄՄ-ին անդամակցության «ճանապարհային քարտեզը», իսկ անդամակցումը նախատեսվում է մայիսին: