Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի հորը՝ Գյումրիի քաղաքապետարանի Մշակույթի բաժնի վաղեմի ղեկավար Արտաշետ Կարապետյանին փորձում են աշխատանքից ազատել:
Մեր տեղեկություններով՝ քաղաքապետը կարգադրություն է ստորագրել եւ իբր Արտաշես Կարապետյանի զբաղվածության պատճառով՝ նրա գործառույթները դրել այլ անձանց վրա: Պատգամավորուհու հայրը աշխատանքի գնում է, բայց արդեն մեկ շաբաթ է՝ ոչինչ չունի անելու:
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Արտաշես Կարապետյանին աշխատանքից ազատելու հրաման կամ աշխատանքից ազատման դիմում չկա: «Պարոն Կարապետյանը շարունակում է պաշտոնավարել, նա քաղաքապետարանի մշակութային բաժնի պետն է: Աշխատանքի ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով՝ որոշակի գործառույթներ սկսել են կատարել այլ մարդիկ, բայց բաժնի կոորդինացումը կատարվում է ղեկավարի կողմից, տարօրինակ ոչինչ չկա»,- նշեց նա: Դիտարկմանը, թե այս ամենը կապված է Արտաշես Կարապետյանի՝ Վարդան Ղուկասյանին գովելու վերաբերյալ «Ցայգին» տված հարցազրույցին, Զոհրապ Եգանյանն ասաց, որ նման բան չկա եւ չի կարող լինել, դրանք ընդամենը չհիմնավորված ենթադրություններ են:



























