Չնայած ձեռքբերումներին, դեռեւս անբավարար է ոստիկանության հանդեպ հասարակության վստահության աստիճանը: Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, Վայոց Ձորի մարզում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանը, որպես օրինակ նշելով այն իրողությունը, որ որոշ տուժողներ խուսափում են ոստիկանություն դիմելուց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ անչափահասների հետ տարվող աշխատանքների կապակցությամբ ոստիկանության պետը նշել է, որ դպրոցներում առկա է այն արատավոր երեւույթը, երբ դասի չհաճախող կամ ընդհանրապես հանրապետությունից բացակայող աշակերտը դասարանից դասարան է տեղափոխվում եւ հասունության վկայական ստանում, ինչը խեղում է պատանու հոգեբանությունը եւ զինվորական ծառայությունից խուսափելու հնարավորություն ստեղծում: Վլադիմիր Գասպարյանը պահանջել է անզիջում լինել նման դրսեւորումների հանդեպ:
Ոստիկանության պետը քաղաքացու հանդեպ հոգատար վերաբերմունք եւ որակյալ աշխատանք է պահանջել հատկապես հասարակությանը ծառայություն մատուցող ստորաբաժանումների՝ համայնքային ոստիկանության, անձնագրային, հաշվառման-քննական բաժինների, ճանապարհային ոստիկանության աշխատակիցներից:



























