Գյումրիի քաղաքապետարանը խախտել է բնակչուհու իրավունքները: Այս մասին հաղորդագրություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
Հաղորդման մեջ ասվում է.
«Գյումրիի բնակչուհին դեռեւս երկու տարի առաջ դիմել է քաղաքապետարան իր տան դիմաց գտնվող բակի սեփականաշնորհման խնդրանքով, սակայն մինչ օրս որեւէ պատասխան չի ստացել: Գյումրու քաղաքապետարանից պատճառաբանում են, որ կնոջ դիմումն ընդունել են քննարկման, սակայն այն դեռեւս չի ավարտվել :
Օրենսդրությամբ, սակայն, հստակ սահմանված է, որ նման վարույթները պետք է իրականացվեն հնարավորինս սեղմ ժամկետներում, առավելագույնը՝ 30 օրում, իսկ հատուկ դեպքերում, երբ ընդունվում է ժամկետը երկարաձգելու որոշում, դրա մասին սահմանված կարգով պետք է ծանուցել մասնակիցներին: Փաստորեն, բնակչուհու՝ Գյումրու քաղաքապետարան հասցեագրած դիմումին մեկ տարուց ավել ժամանակահատվածում պատասխան չի տրվել: Դիմումի հիման վրա սկսվել է վարույթ, սակայն խախտվել են դրա իրականացման համար սահմանված ժամկետները եւ ընթացակարգը, ավելին, դրա իրականացման վերաբերյալ քաղաքացուն առհասարակ չեն տեղեկացրել:
Այսպիսով, Գյումրիի քաղաքապետարանը խախտել է բնակչուհու իրավունքները եւ Պաշտպանը կայացրել է մարդու իրավունքների խախտման մասին որոշում»:



























