Եթե կառավարությունը մոտ ապագայում լուծում չտա Երեւանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) նախկին բնակիչների բնակարանների խնդրին, նրանք սպառնում են դիմել ծայրահեղ քայլերի (ֆոտոռեպորտաժ

«Թող հլը չհամարձակվեն կարճ ժամանակում մեր տները վերադարձնեն, կվառենք Երեւանը։ Բաժանվելու ենք խմբերի, որ բենզինի շշերով կառավարական շենքերը վառենք», - NEWS.am-ին ասաց տարածքի նախկին բնակիչ Գայանե Բալագյոզյանը, որը մարտի 13-ին մի քանի տասնյակ բնակիչների հետ գնացել էր կառավարության շենքի մոտ՝ պահանջելու հնարավորին արագ իրենց տրամադրել նախկին տների փոխարեն հասանելիք բնակարանները։

2008թ. Հանրապետության փողոցի սեփական տները գերակա շահ են ճանաչել ու քանդել՝ խոստանալով ամենուշը երեք տարում բնակարաններ տրամադրել բնակիչներին։ Կառուցապատող «City Center Development» ընկերությունը պայմանագիր է կնքել է 188 ընտանիքի հետ, մինչեւ հիմա բնակարան են ստացել քչերը, մյուսները ստիպված է վարձով ապրել։ Վարձավճարները տալիս է կառուցապատողը, սակայն  ուշացումներով։ Այս տարի, բնակիչների խոսքով, վարձավճարները դեռ չեն փոխանցվել։

«Անտեր ենք դառել ընտանիքով, ոչ մեկս աշխատանքի ընդունակ չենք, ոչ էլ տուն ունենք։ Հողս մենակ մի միլիոն դոլար արժեր, 500 քառակուսի մետր հողս էր, 260 քառակուսի մետր տունս էր, հիմա ես դառել եմ բոմժ»,- արտասվելով ասաց Ֆիրդուսի բնակչուհի Գայանե Բալագյոզյանը։

Բնակիչները հոգնել են վարձով ապրելուց ու սեփական տանիքը չունենալուց։ Վարձակալած տանը չեն կարողանում նույնիսկ մահացածների համար հոգեհանգիստ անել։ «Տանտերն ասում ա՝ տունս մի բեր, թաղում մի արա, իսկ իրանք վերեւում նստած հանգիստ իրենց կյանքն են վայելում»,- վրդովված պատմեց բնակիչներից մեկը։

Բորբոքված բնակիչները կառավարության շենքի առջեւ կանգնած բղավում էին՝ «վարչապետ» եւ պահանջում էին հանդիպում Տիգրան Սարգսյանի հետ։ Նրանց խոսքով՝ վարչապետն ու քաղաքապետը գալիս, իրենց հետ հանդիպում են, սուտ խոստումներ տալիս ու գնում են։

«Սեպտեմբերին վերջին անգամ մտել ենք վարչապետի մոտ, մեզ ասել է, փողերը փոխանցված ա, շենքը թափով կառուցվում ա, ամիսը մի հարկ ուզեք։ Էդ փոսը ոնց փորած ա, տենց էլ փոս մնացել ա, ոչ մի հարկի մասին էլ խոսք չկա»,-ասաց Արմենուհի Ղուկասյանը։

Վրդովված բնակիչները փորձեցին «Պահանջում ենք մեր բնակարանները 33-րդ թաղամասում» եւ «Որտեղ գերակա շահ, այնտեղ խեղված ճակատագրեր» պաստառներով առաջ գնալ եւ մոտենալ կառավարության շենքին, սակայն ոստիկանները թույլ չտվեցին։

«Ընկնեք, մեր վրայով թող անցնեն, արդեն հոգնել ենք»,- ոստիկաններին ասաց բողոքող կանանցից մեկը։

Երբ Կառավարության շենքից դուրս եկավ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Ֆիրդուսի բնակչուհիներից Գայանե Բալագյոզյանը արտասվելով վազեց դեպի նախարարը, սակայն նախարարը նույնիսկ նրա կողմը չնայեց եւ արագ հեռացավ։

Բողոքող բնակիչների հետ բանակցելու էր իջել Կառավարության քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, եւ կառուցապատումն իրականացնող «City Center Development» ընկերության իրացման բաժնի պետ Տիգրան Ասրիյանցը, որոնք ամեն կերպ փորձում էին բնակիչներին հեռացնել կառավարության մոտից՝ տանելով ընդունարան, սակայն բնակիչներից ոչ մեկը չհամաձայնեց գնալ՝ պահանջելով հանդիպում վարչապետի հետ։

Կառավարության նիստից հետո Տիգրան Ասրիյանցի հետ բնակիչները գնացին շինհրապարական, որտեղ ընկերության ներկայացուցիչը ցույց տվեց, որ շինարարական աշխատանքները շարունակվում են, բայց բնակիչները հայտարարեցին, որ դա ցուցադրական աշխատանք է, եւ մի քանի օրից աշխատանքները նորից կդադարեն։ Լրագրողի այն հարցին թե երբ կավարտվի շենքի կառուցումը, Տիգրան Ասրիյանցը պատասխանեց. «Ավարտվածության աստիճանով կատարվել է աշխատանքների 30 տոկոսը: Շենքի կառուցման աշխատանքները կավարտվեն 2 ու կեսից 3 տարում: Լինելու է 14 հարկ»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am