ՀՀ Սպորտի եւ երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի գործով մարտի 13-ին, 14։00-ին նշանակված դատական նիստը 1 ժամով հետաձգվել է, քանի որ պաշտպան Վահան Հայրապետյանը դեռ չի ներկայացել դատարան:
NEWS.am-ի հետ զրույցում փաստաբանը հայտնեց, որ չնայած եղանակային պայմաններին՝ ինքն արդեն հասնում է Կապան:
«Սառույցի միջով եմ գնում, բայց մի քանի րոպեից կհասնեմ դատարան, իսկ դատական նիստը հաստատ կկայանա»,- նշեց նա:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դատարանի դահլիճը դատարկ է. Դավիթ Վարդանյանի հարազատներից ոչ մեկը ներկա չէ դատական նիստին:
Հիշեցնենք, որ Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Իրանից առանց իրացնելու նպատակով թմրանյութ ձեռք բերելու եւ մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխելու փորձի համար։ Դատական առաջին նիստին՝ փետրվարի 14-ին, Դավիթ Վարդանյանը խոստովանել էր, որ ինքը ոչ թե Իրանում է գնել թմրամիջոցը, այլ Ագարակի գազալցակայանում կայանած իրանցիներից, ուր գնացել էր ծխախոտ գնելու։



























