Հայաստանը կմասնակցի ՄՄ մաքսային նոր օրենսգրքի մշակման աշխատանքներին: Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, նշվել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ մաքսային համագործակցության հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Վլադիմիր Գոշինի հանդիպման ժամանակ:

Նրանք քննարկել են Մաքսային միությանը եւ եվրասիական միասնական տնտեսական տարածքին ՀՀ անդամակցության գործընթացի շրջանակում մաքսային համագործակցությանը եւ մաքսային օրենսդրությանը վերաբերող հարցեր:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները կառավարության ղեկավարին զեկուցել են այդ ուղղությամբ անցկացված քննարկումների արդյունքների մասին:

Վլադիմիր Գոշինը մանրամասներ է ներկայացրել ՄՄ մաքսային նոր օրենսգրքի մշակման վերաբերյալ, որը ուժի մեջ կմտնի հաջորդ տարի: Գործընթացը համակարգում է ՄՄ անդամ երեք երկրների փոխնախարարների մակարդակով գործող աշխատանքային խումբը, որի աշխատանքներին այսուհետ կողմերի պայմանավորվածությամբ կմասնակցեն նաեւ հայկական կողմի ներկայացուցիչները: Աշխատանքային խմբի հերթական հանդիպումը տեղի կունենա ս.թ. մարտի 17-ին Մոսկվայում: