Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) Պլանավորման եւ վերանայման գործընթացի (ՊՎԳ) շրջանակներում ՀՀ գործընկերության նպատակների նոր փաթեթի համաձայնեցման նպատակով մարտի 12-ից եռօրյա այցով Հայաստանում է գտնվում ՆԱՏՕ-ի պատվիրակությունը` Հյուսիսատլանտյան Դաշինքի միջազգային քարտուղարության զորքերի պլանավորման դիրեկտորատի պետ Ֆրանկ Բոլանդի գլխավորությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Պաշտպանության նախարարությունից:

Մարտի 12-ին ՆԱՏՕ-ի պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

ՆԱՏՕ-ի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Բոլանդը, կարեւորելով ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ ու ՊՎԳ շրջանակներում իրականացվող համագործակցությունը, նշել է, որ փոխադարձ հանձնառությունների կատարումը նպաստում է ՀՀ-ՆԱՏՕ փոխվստահության ամրապնդմանն ու ՀՀ պաշտպանության ոլորտի առանձին բաղադրիչների եւ Հյուսիսատլանտյան Դաշինքի հետ փոխգործակցելիության մակարդակի բարձրացմանը:

ՆԱՏՕ-ի պատվիրակության հետ եռօրյա քննարկումներին մասնակցելու են ՀՀ ՊՆ, ԶՈւ եւ ԶՈւ ԳՇ ստորաբաժանումների, ինչպես նաեւ ՀՀ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: