Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի պլենումում Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնակատար Տաճատ Սարգսյանը, օգտվելով իր լիազորություններից, առաջարկել է քվեարկություն անցկացնել ու կուսակցության նոր ղեկավար ընտրել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Տաճատ Սարգսյանը՝ անդրադառնալով կուսակցության շարքերից հեռացված Աշոտ Պապյանի հայտարարություններին:

Ըստ նրա՝ Կոմկուսի Կենտկոմի ցանկացած անդամ, առավել եւս՝ առաջին քարտուղարի պաշտոնակատարը, իրավունք ունի քննարկման համար նոր օրակարգային հարց առաջադրել: «Քանի որ մարտին կայանալիք համագումարին կուսակցությունը պատրաստ չէր, փետրվարին կայացած պլենումի ժամանակ առաջարկեցի, որպեսզի քննարկվի այս պաշտոնում իմ նշանակման հարցը»,-ընդգծել է Սարգսյանը, հավելելով, որ այլընտրանքային թեկնածություն չի առաջադրվել: Նա նաեւ նշել է, որ լրատվամիջոցների հետաքրքրությունը վկայում է, որ կուսակցության դերը երկրի քաղաքական կյանքում ավելացել է: