Երեւանի Օրբելի փողոցի 22-ամյա բնակիչ Գուրգեն Բ.-ն մեղադրվում է Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի Արտաշես Գ.-ին դանակով հարվածելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Գուրգենը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Արտաշես Գ.-ի հետ: Վիճաբանության ընթացքում Գուրգենն իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Արտաշեսի կրծքավանդակի ձախ հատվածին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Գուրգեն Բ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ 1-ին մասով, որը նախատեսում է ազատազրկում՝ 3-7 տարի ժամկետով: Գուրգենը կալանավորված է եւ գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Գործը քննվում է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում: Դատական առաջին նիստը կկայանա մարտի 20-ին: