Ամերիկացի վարորդ Թիմոթի Վաֆեդսը կալանավորվել է՝ երկու կանանց ստրկության մեջ պահեու մեղադրանքով: Մարտի 12-ին 54-ամյա տղամարդը դատարանի առաջ է կանգնել:

Հետաքննության տվյալներով՝ 2013-ի մայիսին Վաֆեդսը առեւանգել է իր 19-ամյա բարեկամուհուն, որը նրա մոտ հյուր էր եկել Ֆլորիդայից: Ժամանելուց մեկ շաբաթ անց աղջիկը հայտարարել է, որ ցանկանում է տուն վերադառնալ, սակայն տղամարդը ծեծել է նրան ու կես տարի շարունակ ստիպել է ճանապարհորդել երկրով: Այդ ընթացքում նա անընդհատ բռնաբարել է աղջկան ու ֆիզիկական հաշվեհարդար խոստացել, եթե նա չենթարկվի իրեն:

2013-ի նոյեմբերին ոստիկանները ձերբակալել էին նրան, երբ նրան ուղեկցող աղջկա դեմքին կապտուկներ էին նկատել: Դրանից հետո եւս մեկ կին ՀԴԲ-ին հաղորդել է, որ Վաֆեդսն իրեն որպես ստրուկ է պահել: Նա պատմել է, որ վարորդի հետ ծանոթացել է 2012-ի ապրիլին սրճարանում: Նա նստել է Վաֆեդսի բեռնատարը, իսկ վերջինս հայտարարել է, որ նա ստիպված է իր հետ առնվազն մեկ շաբաթ ճանապարհորդել:

Արդյունքում կինը մոտ երեք ամիս ստրկության մեջ է եղել, ծեծի ու բռնության է ենթարկվել: Վարորդը ստիպել է, որ կինը կտրի ու ներկի մազերը, որպեսզի նրան ոչ ոք չճանաչի, հետո էլ ստիպել է ամուսնանալ իր հետ: Կնոջ ազատ արձակման մանրամասների մասին ոչինչ չի հաղորդվում:

Եթե Վաֆեդսին մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է ցմահ ազատազրկում, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: