Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զգուշացրել է Ռուսաստանին ԵՄ կողմից երեք մակարդակներով պատժամիջոցների պլանի մասին, եթե այդ երկիրը չհրաժարվի Ուկրաինայի նկատմամբ ռազմական ագրեսիայից: Ելույթ ունենալով Բունդեսթագի պատգամավորների առջեւ, Մերկելը խիստ հայտարարություն է արել Ուկրաինայի վերաբերյալ:

Նրա խոսքով՝ եթե Ռուսաստանը չփոխի իր կուրսը Ղրիմի հարցում, նրան սպասվում են «ծանր» քաղաքական եւ տնտեսական հետեւանքներ: Մերկելն ընդգծել է, որ ճգնաժամից դուրս գալու միայն ելքը դիվանագիտականն է՝ հավելելով, որ ԵՄ-ն եւ Արեւմուտքը ընդհանուր առմամբ պատրաստ են սառեցնել ռուսական հաշիվները եւ խստացնել վիզային ռեժիմը, եթե Ռուսաստանը «հրաժարվի արդյունավետ բանակցություններից», հաղորդում է «Վեդոմոստին»՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը:

Եթե նաեւ այդ միջոցները արդյունավետ չլինեն, պատժամիջոցների ռեժիմը էլ ավելի կխստացվի եւ ռուսական իշխանությունները կհասկանան, թե իրենց կուրսը ինչ սպառնալիքների առջեւ կարող է կանգնեցնել երկիրը, հայտարարել է կանցլերը:

«Եթե Ռուսաստանը շարունակի հետեւել վերջին շաբաթների իր կուրսին, դա աղետ կլինի ոչ միայն Ուկրաինայի համար: Դա կնշանակի ոչ միայն ԵՄ-ի՝ Ռուսաստանի հետ ամբողջական հարաբերությունների վերանայում, այլեւ, համոզված եմ, ծանր հարված կլինի Ռուսաստանին, ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումներով»,-ընդգծել է Մերկելը:

Ինչպես նշում է Financial Times-ը, Մերկելը աննախադեպ խիստ արտահայտություններ է օգտագործել: Գերմանիայի կանցլերի խոսքով՝ Ռուսաստանը Ուկրաինայում ճգնաժամի ժամանակ գործել է «ջունգլիների օրենքով», օգտագործելով 19-րդ եւ 20-րդ դարերի մեթոդներ:

«Ջունգլիների օրենքը գերիշխում է օրենքի ուժին, միակողմանի աշխարհաքաղաքական նկատառումները՝ փոխըմբռնման եւ համագորակցության սկզբունքներին»,-հայտարարել է Մերկելն ու հավելել. «Ուկրաինայում անորոշության ժամականահատվածում Ռուսաստանը իրեն ցուցադրել է ոչ որպես հարեւան երկրի գործընկեր եւ կայունության երաշխավոր, որի հետ նրան միավորում են սերտ պատմական, մշակութային եւ տնտեսական կապեր»:

«Ռուսաստանն օգտվել է Ուկրաինայի թուլությունից: Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը կասկածի եւ քննարկման ենթակա չէ»,-ընդգծել է Մերկելը՝ հավելելով, որ իրավիճակը Ղրիմում անհամեմատելի է Կոսովոյի հետ, որն անջատվել է Սերբիայից: