Արտառոց որեւէ բան Քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի առողջության հետ, փառք Աստծո, չի կատարվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քաղաքաշինության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը՝ արձագանքելով մեր կայքում հրապարակված լուրին, թե նախարարը տեղափոխվել է հիվանդանոց:

Նա նշեց, որ Քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանն արդեն երկրորդ օրն է, ինչ այցելում է «Նաիրի» բժշկական կենտրոն՝ պրոֆիլակտիկ, ամբուլատոր ստուգումների նպատակով՝ շարունակելով իր աշխատանքային ռեժիմը: «Սա ընդամենը, ինչպես բժիշկներն են խորհուրդ տալիս, տարվա մեջ երկու անգամ պրոֆիլակտիկ ստուգումների ենթարկվել, ընդամենը այդ շարքի ստուգումներից է եւ արտառոց որեւէ բան նախարարի առողջության հետ, Փառք Աստծո, չի կատարվում: Ամենայն հավանականությամբ, վաղը նախարարը սովորական աշխատանքային ռեժիմով աշխատանքի կլինի: Ընդամենը օրվա ընթացքում գնում է «Նաիրի» բ/կ՝ որոշակի ստուգումների ենթարկվելու համար»,- ասաց Լուսինե Մարգարյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում: Այս մասին NEWS.am-ին ասել է Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին: Նա նշել է, որ մի քանի օր է՝ ինչ Սամվել Թադեւոսյանը գտնվում է հիվանդանոցում, սակայն ախտորոշումը չի կարող ասել, քանի որ հիվանդից թույլտվություն չի հարցրել: Անատոլի Գնունին միայն տեղեկացրել է, որ նախարարի վիճակը կայուն է, նա գտնվում է ոչ թե Վերակենդանացման բաժանմունքում, այլ Սրտաբանական բաժանմունքում՝ հիվանդասենյակում:

Հիշեցնենք, որ 2013թ հունվարի 14-ին «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում  Սամվել Թադեւոսյանին սրտի վիրահատության են ենթարկել: