Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, մարտի 11-13-ին, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, գումարվել է Գերագույն հոգեւոր խորհրդի հերթական ժողովը` ընդլայնված կազմով:

Ժողովին Գարեգին Բ-ն ԳՀԽ անդամներին ներկայացրել է Մայր Տաճարի հիմնանորոգության եւ ամրակայման ուղղությամբ ձեռնարկված քայլերը` տեղեկացնելով, որ տաճարի ուսումնասիրման եւ ամրակայման նախագծային աշխատանքներն ավարտին են մոտեցել եւ առաջիկային պիտի սկսվեն շինարարական աշխատանքները: Նա հայտնել է, որ ներկայիս աշխատանքներ են տարվում նաեւ Մայր Տաճարի նորոգության համար անհրաժեշտ գումարի հայթայթման ուղղությամբ:

Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի գումարման մասին զեկույց ներկայացրեց Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: ԳՀԽ-ն որոշեց ժողովը գումարել տարվույս սեպտեմբեր 7-ից 9-ը` նախանշելով ժողովի օրակարգը:

Գերագույն հոգեւոր խորհրդին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված Մայր Աթոռի միջոցառումների վերաբերյալ զեկույց ներկայացրեց հանձնախմբի ատենապետ, ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Քննարկման արդյունքում ամբողջացվեց Մայր Աթոռի կողմից իրականացվելիք միջոցառումների ցանկը, որով մասնակցությամբ Ամենայն հայոց Հայրապետի,  հիշատակի արարողություններ կկազմակերպվեն աշխարհասփյուռ հայաշատ համայնքներում, միջեկեղեցական համաժողովներ եւ աղոթքի էկումենիկ արարողություններ, ինչպես նաեւ տեղի կունենան երիտասարդական միջազգային կրոնաժողովներ, թեմերում կիրականացվեն Եղեռնի վերաբերյալ փաստագրական նյութերի ցուցադրումներ եւ այլ նմանօրինակ միջոցառումներ: Ժողովականներն իրենց գնահատանքը հայտնեցին հանձնախմբին` հանձնարարելով շարունակել միջոցառումների կազմակերպման աշխատանքները: