Լոռիում Հրանտ Մաթեւոսյանի անտառապետ եղբորորդու սպանության գործը տեղափոխվել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության քննչական բաժանմունք: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից՝ հավելելով, որ նախաքննությունը շարունակվում է:
Իսկ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ գործով մեղադրյալ բնապահպանության տեսուչ Տիգրան Մելիքյանի նկատմամբ նշանակված էր ամբուլատոր հոգեբանական փորձաքննություն, որն ավարտվել է, սակայն եզրակացությունը հայտնի չէ: Նա կալանավորված է, գտնվում է «Վանաձոր» ՔԿՀ-ում:
Հիշեցնենք, որ 2013թ մայիսի 15-ին,գիշերը ժամը 22:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցի վրա գտնվող Գանձակ սուպերմարկետի դիմաց դանակահարություն է տեղի ունեցել: Սպանվել է անտառտնտեսության Մոտկորի անտառապետ Թովմա Մաթեւոսյանը (40-50 տարեկան), ով Հրանտ Մաթեւոսյանի եղբոր որդին է, նրան դանակահարել էր բնապահպանության տեսչության տեսուչ Տիգրան Մելիքյանը:
Թովմա Մաթեւոսյաննին դանակահարված վիճակում շտապօգնության մեքենայով տեղափոխել էին Վանաձորի բժշկական կենտրոն, սակայն ստացած վնասվածքներից նա ճանապարհին մահացել է: Դանակահարողը դիմել էր փախուստի եւ միայն մայիսի 25-ին էր մեղայականով ներկայացել ոստիկանություն, խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Փաստի առթիվ Լոռիի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի առաջին մասով:



























