Գերագույն հոգեւոր խորհուրդը մասնավոր քննության է առել 2015 թ. կայանալիք Մյուռոնօրհնության արարողության հետ կապված հարցեր: Այդ առնչությամբ Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը տեղեկացրել է, որ Վեհափառ Հայրապետի կողմից ստեղծված հանձնախումբն արդեն սկսել է Մյուռոնօրհնության նախապատրաստական աշխատանքները:
Ժողովականներին ներկայացվել է նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործունեության 2013 թ. տարեկան հաշվետվությունը, որում անդրադարձ է կատարված անցնող տարում հայրապետական ընդունելություններին ու այցելություններին, ներեկեղեցական եւ միջեկեղեցական ասպարեզներում իրագործված ծրագրերին, Մայր Աթոռի միաբանությանը, Եկեղեցու քարոզչական, կրթադաստիարակչական եւ սոցիալական առաքելությանը:
Մասնավորապես տեղեկացվել է, որ 2013 թ. Գարեգին Բ-ն ունեցել է շուրջ 70 պաշտոնական հանդիպումներ եկեղեցական ու պետական բարձրաստիճան պաշտոնյաների ու պատվիրակությունների հետ: Նա այցելել է Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ Հայոց Արեւելյան, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմեր:
Ամենայն Հայոց Կաթողիկոսության եկեղեցականության թիվը 676 է, որոնցից 53-ը` արքեպիսկոպոս եւ եպիսկոպոս, 46-ը` ծայրագույն վարդապետ եւ վարդապետ, 50-ը` աբեղա, 421-ը` քահանա, 106-ը` սարկավագ, ովքեր ծառայում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու տարբեր թեմերում եւ կառույցներում: ՀՀ Զինված ուժերում իրենց ծառայությունն են բերում թվով 47 հոգեւոր սպասավորներ: Մայր Աթոռի հովանու ներքո գործող հոգեւոր-կրթական հաստատություններում` Գեւորգյան հոգեւոր Ճեմարանում, Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցում եւ Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանում, սովորում է 219 ուսանող եւ աշակերտ: Մայր Աթոռի եւ ՀԲԸՄ հովանավորությամբ գործող 7 Հայորդյաց տները, ուր հաճախում են ավելի քան 3000 երեխաներ եւ պատանիներ, 2013 թ. եկեղեցական, ազգային եւ պետական տոների առիթներով կազմակերպել են 176 բազմաբնույթ միջոցառումներ:



























